Վիրահատության ժամանակ քաղցկեղային բջիջների ակնթարթային հայտնաբերման եղանակ է գտնվել
Ֆրաունհոֆերի Ֆոտոնային միկրոհամակարգերի ինստիտուտի գիտնականները քաղցկեղի բջիջների գերարագ սկանավորման նոր տեխնոլոգիա են մշակել: Լազերային մանրադիտակի կիրառմամբ բժիշկները մի քանի վայրկյանում ուսումնասիրում են ուռուցքը շրջապատող հյուսվածքները հենց վիրահատության ժամանակ, գրում է «Հայթեքը»:
Գիտնականները ձեւափոխել են լազերային մանրադիտակը՝ MEMS (միկրոէլեկտրոմեխանիկական համակարգեր) տեխնոլոգիայով պատրաստված միկրոսկաների հայելի ավելացնելով: Նման մոտեցումը թույլ է տալիս ստեղծել բավականին փոքր սարք՝ վիրահատարանում օգտագործելու համար:
Ուռուցքի հեռացումից հետո շրջապատող հյուսվածքներին հեղուկ օնկոմարկեր (ուռուցքային մարկեր) են քսում, որը մշակել են ինստիտուտի աշխատակիցները: Լազերային սկանավորման մանրադիտակը տեղակայվում է վիրահատված հյուսվածքների վերեւում: Հայելին միկրոսկոպի ներսում տատանվում է մի քանի հազար/վայրկյանում հաճախականությամբ՝ խոր լազերային լույս ուղղելով, որի ալիքի երկարությունը հասնում է 488 նմ-ի:
Երբ մանրադիտակի կապույտ լազերային ճառագայթը հանդիպում է առողջ բջիջների, անդրադարձող լույսն արգելափակվում է հատուկ ֆիլտրով, որը թույլ է տալիս միայն որոշակի ալիքի երկարությամբ լույսի ներթափանցումը: Սակայն եթե լազերային ճառագայթը քաղցկեղային բջիջների է բախվում, օնկոմարկերը առկայծող կանաչ լույս է արձակում, որն անցնում է ֆիլտրի միջով եւ գրանցվում է համակարգի կողմից:
Գիտնականները նշում են, որ համակարգի հզորությունն այնքան մեծ է, որ նույնիսկ առանձին ուռուցքային բջիջները կարող են հայտնաբերվել եւ ցուցադրվել սարքի էկրանին: