Վիկտոր Օրբանը հաղթել է Հունգարիայի ընտրություններում
Հունգարիայի կառավարող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, համոզիչ հաղթանակ է տարել Հունգարիայում կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Ինչպես տեղեկացրել է Ազգային ընտրական գրասենյակը, կրտսեր դաշնակիցների՝ քրիստոնեա-դեմոկրատների հետ ՖԻԴԵՍ-ը կարող է հավակնել երկրի Պետական ժողովի (միապալատ խորհրդարան) 199 տեղից 135-ին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Կառավարող կուսակցական երկյակը կպահպանի սահմանադրական մեծամասնությունը (ձայների երկու երրորդը) Հունգարիայի օրենսդիր մարմնում։ Դա կարեւոր նշանակություն կունենա նոր կառավարության օրակարգի իրագործման համար։ Կառավարությունը պետք է ձեւավորի 58-ամյա Օրբանը։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն երեք ժամկետ անընդմեջ եւ այդ պաշտոնին կմնա եւս չորս տարի։
Իր հաղթական ելույթում Օրբանն ասել է, որ իր վերընտրությունը ազդանշան է ոչ միայն ԵՄ-ին, այլեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Մենք մինչեւ կյանքի վերջ կհիշենք այս հաղթանակը, որովհետեւ մենք ստիպված եղանք պայքարել հսկայաթիվ հակառակորդների հետ՝ տեղի ձախերի, ինտերնացիոնալ ձախ շրջանակի, Բրյուսելի բյուրոկրատների, Սորոսի բոլոր փողերի եւ նրա կայսրության ինստիտուտների, միջազգային ԶԼՄ-ների, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահի։ Մենք երբեք միաժամանակ այսքան հակառակորդներ չէինք ունեցել»,- Բուդապեշտում ասել է նա իր կողմնակիցներին։