Վոլոդյա Ավետիսյանը նախարարների աշխատավարձի համար չէր պայքարում. ազատամարտիկ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց այսօր «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ ակցիայի մասնակիցները, հիմնականում՝ ազատամարտիկներ, պահանջում էին ազատ արձակել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն իր ելույթում նշեց, որ իրենք հավաքվել են պարզ պատճառով, այն է՝ իրենք զորակցում են իրենց մարտական ընկերոջը, ով 1988 թվականից Արցախում մասնակցել է ազատագրական գործողություններին և հանդիսացել Լեոնիդ Ազգալդյանի «աջ ձեռքը»: Կարեն Մելիքբեկյանի կարծիքով՝ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտված է շինծու գործով:
Ազատամարտիկն իր զորակցությունը հայտնեց իր այն ընկերների կողմից, ովքեր այս պահին տնային պայմաններում են ու չեն կարող ներկա գտնվել, քանի որ հաշմանդամ են: Մելիքբեկյանը նշեց. «Վոլոդյա Ավետիսյանը ներկայացրել էր բոլոր ազատամարտիկների սոցիալական պահանջները և ներկայացրել է ՀՀ կառավարությանը: 10-15 օր առաջ հեռուստատեսությամբ տեսա, որ ՀՀ կառավարությունում վարչապետի հրավիրված բրիֆինգի ժամանակ բոլոր նախարարները և գերատեսչականների ղեկավարները հագել են դաշտային համազգեստ: Ես հասկացա, որ ոնց որ իրենք էլ են ազատամարտիկ, բայց քանի որ մի քանի որ առաջ տեսա, որ իրենց աշխատավարձերը բարձրացել են, իրենց թվաց, թե մենք պայքարում ենք իրենց համար: Բայց մի պարզ պատճառ. Վոլոդյա Ավետիսյանը նկատի չուներ իրենց որպես ազատամարտիկ: Փաստ է, որ մենք այսօր գտնվում ենք բյուջեից դուրս: Նրանք իրենց թույլ են տալիս գնալ ծաղիկներ դնել զոհված ազատամարտիկների շիրիմին և նրանք ազատամարտիկների ընտանիքներին միտումնավոր սովի են մատնում»:
Ըստ Կարեն Մելիքբեկյանի, սովի են մատնվում նաև հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներն ու նրանք, ովքեր սոցիալապես ծանր վիճակում են: Իրենք շատ փաստեր ունեն. լրատվամիջոցները հաճախ ցույց են տալիս, որ մարդիկ այսօր տներ, միջոցներ չունեն, մանր-մունր խնդիրներ լուծելու համար. «Այն 18 հազար դրամները, որոնք տրամադրվում էին գործազուրկներին, գտան, որ այդ նպաստներն էլ պետք չէ ժողովրդին տան, առանց այդ էլ ժողովրդի վիճակը շատ «լավ է»: Իրենք որոշեցին տվյալ գումարներով իրենց աշխատավարձները բարձրացնել և ապրել էլիտար պայմաներում, քանի որ իրենք գտնում են, որ Եվրոպայում և այլ երկրների չինովնիկերի աշխատավարձի չափ պիտի ստանան: Իրենց թվում է, որ մտել են Եվրամիություն»,-նշեց ազատամարտիկը:
Եզրափակելով իր խոսքը՝ Մելիքբեկյանն ասաց, որ ժողովուրդն այսօր տառապում է այս կառավարության ձեռքում, շատ տղաներ գտնվում են կալանավայրերում, կապ չունի ազատամարտիկ են, թե սովորական քաղաքացիներ. «Մենք բոլորին սատարում ենք, այն մարդիկ, ովքեր շինծու գործերով դատապարտված են, մենք բոլորին զորակցում ենք,-ամփոփեց նա:
Վերջում, ակցիայի մասնակիցները նորից վանկարկեցին «Վոլոդյա», «Վոլոդյա»: