Հրաչյա Պողոսյանը գերլարված պայքարում պարտվեց թուրք մրցակցին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանը գոտեմարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Ույարի հետ եւ պարտվեց 5:6 հաշվով:
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց Հրաչյա Պողոսյանին եւ նստեցրեց պարտեր: Սկզբում Հայաստանի ներկայացուցիչը լավ էր պաշտպանվում, բայց թուրք ըմբիշին հաջողվեց 4 միավորանոց գլորում կատարել եւ հաշիվը դարձնել 5:0:
Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պարտեր նստեցրեց թուրք ըմբիշին: Հրաչյա Պողոսյանը մրցակցին պոկեց գորգից, բայց Ույարը ձեռքով պահեց եւ Պողոսյանը չկարողացավ գլորում կատարել:
Հայկական կողմը բողոքարկեց, բայց մրցավարները ձեռքով պաշտպանությունը չհաշվեցին: Հաշիվը դարձավ 1:6:
Երկրորդ մրցափուլի միջնամասում գորգի մրցավարը երկրորդ անգամ թուրք ըմբիշին պարտեր նստեցրեց: Հրաչյա Պողոսյանը 4 միավորանոց գցումով հաշիվը դարձրեց 5:6՝ թուրք ըմբիշի առավելությամբ:
Վերջին վայրկյաններին թուրք ըմբիշն ուղղակի վազում էր գորգով, որպեսզի միավոր չտա, գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ նկատողություն տվեց թուրքին: Հրաչյա Պողոսյանն այդպես էլ չկարողացավ մեկ միավոր վաստակել եւ պարտվեց 5:6 հաշվով:
Հրաչյա Պողոսյանը պայքաը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 2 րոպե 26 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսին: Կիսաեզրափակիչում Պողոսյանը գերլարված պայքարում 1:3 հաշվով պարտվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովին։