Ստեփանակերտում հնչել է միասնական աղոթք՝ արցախահայության խաղաղ կյանքի համար
Այսօր՝ ապրիլի 2-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելու արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի քարտուղար Դավիթ Փաշայանն ասել է, որ, միաբանվելով,միասնական լինելով ու քրիստոնեությունը հասկանալով, մենք կարող են վայելել երանավետ դրախտ Արցախ աշխարհը։
«Արցախի թեմն այսօր կազմակերպեց ընդհանրական աղոթք` հոգևորաց դասի ու ժողովրդի հետ մեկտեղ։ Աղոթք բարձրացրինք առ Աստված՝ խնդրելու Աստծու օգնականությունը մեր ժողովրդին այս օրհասական պահին և նրա հովանավորությունը։ Մենք ևս մեկ անգամ հասկացանք, որ պետք է լինենք միասնական, քանզի այսօր այդ միասնականությունը շատ արդիական է։ Ամբողջ ժողովրդով պետք է հասկանանք քրիստոնեությունը, այսինքն՝ սիրենք իրար, սիրենք աստվածային սրբությունը, որով և կպայմանավորվի մեր փրկությունը»,-ընդհանրացրել է Դ. Փաշայանը։
Եկեղեցու հավատավոր Կարեն Դավթյանի խոսքով՝ ժողովուրդը սպասում էր այս միասնական աղոթքի կոչին։
«Ժամանակն է եկել, որ ազգովի ապաշխարենք, գանք եկեղեցի, որն այն առանցքն է, որի շուրջ պետք է պտտվի ամբողջ հայ ազգը։ Մեր գաղափարախոսությունը պետք է լինի հայ առաքելական եկեղեցին»,-նշեց Կ. Դավթյանը։