Գերմանիան դիտարկում է իսրայելական կամ ամերիկյան ՀՀՊ համակարգերի գնման հնարավորությունը
Բեռլինը դիտարկում է Իսրայելից կամ ԱՄՆ-ից հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռք բերման տարբերակը՝ սպառնալիքներից պաշտպանվելու համար, այդ թվում՝ Կալինինգրադում ռուսական «Իսկանդեր» հրթիռներից, շաբաթ օրը գրել է գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթը։
«Իսկանդեր» հրթիռները կարող են հասնել գրեթե ամբողջ Արեւմտյան Եվրոպա, իսկ այդ սպառնալիքից պաշտպանվելու համար հակահրթիռային վահան չկա, շաբաթ Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Էբերհարդ Ցորնը։
«Իսրայելցիներն ու ամերիկացիներն ունեն այդպիսի համակարգեր։ Դրանցից ո՞րը նախընտրել: Կկարողանա՞նք ՆԱՏՕ-ում ընդհանուր համակարգ (հրթիռային պաշտպանություն) ստեղծել։ Սրանք այն հարցերն են, որոնց մենք հիմա պետք է պատասխանենք»,- ասել է Զորնը:
Համակարգերի անունները նա չի հստակեցրել, բայց, ամենայն հավանականությամբ, նա նկատի ուներ Israel Aerospace Industries-ի (IAI) արտադրության Arrow 3-ը եւ Raytheon-ի կողմից արտադրված ամերիկյան THAAD համակարգը:
2018 թվականին Ռուսաստանը հայտարարել էր Կալինինգրադում «Իսկանդերներ» տեղակայելու մասին, որը գտնվում է Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Բեռլինն պաշտպանական ծախսերը կավելացնի մինչեւ տնտեսական արտադրության 2 տոկոս՝ զինված ուժերում 100 միլիարդ եվրո ներդնելով։
Ցորնը բարձրաստիճան պաշտոնյաների խմբի կազմում է , ովքեր խորհրդակցում են Շոլցի հետ այն մասին, թե ինչպես ծախսել գումարը, գրում է Reuters-ը։
«Առայժմ պարզ է միայն մի բան. մենք ոչ ժամանակ ունենք, ոչ էլ գումար այդ (հակահրթիռային) համակարգերի ինքնուրույն մշակման համար, քանի որ հրթիռային սպառնալիք, ինչպես գիտեք, արդեն կա»,- ասել է Ցորնը։
Խոսելով Գերմանիայում կարճ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգի բացակայության մասին, որը կարող է օգտագործվել շարժման մեջ կամ տեղակայման ժամանակ սպառնալիքի ենթարկվող զորքերի պաշտպանության համար, նա ասել է, որ Բեռլինը սկսել է ուսումնասիրել նման համակարգերի ձեռք բերման հնարավորությունը, եւ այժմ պետք է որոշում կայացնի:
Բացի այդ, Բունդեսվերը պետք է մինչեւ 2032 թվականը 20 միլիարդ եվրո ներդնի զինամթերքի պահեստների համալրման համար, հավելել է Ցորնը։