Գազը՝ Գերմանիայում, ալյուրը՝ Հունաստանում, արեւածաղկի ձեթը՝ Իսպանիայում. եվրոպական երկրները սահմանափակումներ են մտցնում
Ուկրաինական ճգնաժամը վտանգել է կարեւորագույն ապրանքների մատակարարումը Եվրոպա եւ լիակատար քաոսի է հանգեցրել մատակարարման գլոբալ շղթաներում, որոնք արդեն իսկ խաթարվել էին COVID-19-ի պատճառով, գրում է Fortune-ը։
Արդյունքում ամեն ինչի գները կտրուկ աճել են՝ ցորենից մինչեւ նավթ, ինչը տեւական բարձր գնաճի է հանգեցրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան եւ Իսպանիան: Եվրոպայում մատակարարման պակասն այնքան լուրջ է, որ կառավարությունները սկսում են հիմք դնել նորմավորման համար, իսկ որոշ խանութներ արդեն սահմանափակում են մատակարարումները:
Այս շաբաթ Գերմանիայի կառավարությունը ձեռնարկեց բնական գազի մատակարարումների նորմավորմանն ուղղված առաջին պաշտոնական քայլերը՝ փորձելով ազատվել ռուսական էներգառեսուրսներից երկար տարիների կախվածությունից: Իսկ Իսպանիայում եւ Հունաստանում սուպերմարկետները նորմավորում են մթերքները, այդ թվում՝ ալյուրը, կաթը եւ արեւածաղկի ձեթը:
Մինչ ներկայիս եվրոպական նորմավորումը հիմնականում կանխարգելիչ բնույթ է կրում, քանի որ կառավարությունները եւ ձեռնարկությունները ձգտում են սահմանափակել խուճապային գնումների եւ հետագա դեֆիցիտի վտանգը, եվրոպացիները անորոշ ապագայի են բախվում, քանի որ աշխարհաքաղաքական լարվածությունը պահպանվում է, իսկ COVID-19-ի հետ կապված սահմանափակումները շարունակվում են արտասահմանում:
Գերմանական գազը
Գերմանիան ակտիվացրել է բնական գազի մատակարարումը պահպանելու իր եռափուլ արտակարգ ծրագրի առաջին լծակը՝ խուեսափելով գազի հոսքերի հետ կապված Ռուսաստանի հետ հնարավոր ընդհարումից: Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ պահանջեց ռուսական ռուբլով վճարել բնական գազի դիմաց:
Ռուսաստանը շարունակում է մնալ Գերմանիային գազի հիմնական մատակարարը՝ չնայած Ռուսաստանից կախվածությունից հրաժարվելու երկրի փորձերին։ Փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ Ռուսաստանն այժմ ապահովում է Գերմանիայի բնական գազի կարիքների մոտ 40 տոկոսը՝ մինչ պատերազմը 55 տոկոսի համեմատ: Նա հավելել է, որ ներկայիս ռացիոնալացումը մեծ մասամբ կանխարգելիչ միջոց է, եւ այս պահինբնական գազի մատակարարումը կորցնելու վտանգ չկա։ «Մյուս փուլերը «Տագնապ» եւ «Արտակարգ վիճակ» են կոչվում, եւ միայն վերջին՝ «Արտակարգ» փուլում պետությունը կմիջամտի եւ կկարգավորի գազի հոսքը,- ասել է Հաբեկը։- Մենք դեռ այնտեղ չենք եւ չենք ուզում այնտեղ լինել»:
Բայց նույնիսկ նորմավորման առաջին փուլը կարող է «որոշ անհատ խոշոր հաճախորդների» «նպատակային» անջատումների» հանգեցնել, գրում է Deutsche Bank-ի վերլուծաբան Էրիկ Հեյմանը: Հեյմանը հավելել է, որ եթե Գերմանիան ստիպված լինի կարգավորել իր գազի մատակարարումը իր արտակարգ իրավիճակների ծրագրի երրորդ փուլում, դա կարող է էներգիայի գների հետագա բարձրացման, ինչպես նաեւ աշխատատեղերի եւ եկամուտների կորստի եւ սպառողների կողմից ընդհանուր տնտեսական պահանջարկի նվազման հանգեցնել:
Գերմանիայի Քիմիական արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Քրիստիան Կուլմանը ասում է, որ եթե բնական գազը նորմավորվի, քիմիական արտադրության օբյեկտները եւս շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով պետք է փակվեն՝ «հսկայական դոմինոյի էֆեկտ առաջացնելով արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում»:
Հունական ալյուրը
Հունական սուպերմարկետների չորս ցանցեր՝ AB-ն, Sklavenitis-ը, Kritikos-ը եւ My Market-ը, սկսել են նորմավորել կրիտիկական կարեւորության մթերքները, այդ թվում՝ ալյուրը եւ արևածաղկի ձեթը, այն բանից հետո, երբ Ուկրաինայում պատերազմը մատակարարման ճգնաժամ առաջացրեց երկրում: Սակայն, ինչպես եւ Գերմանիայում, ներկայիս նորմավորումն ընդամենը կանխարգելիչ միջոց է։
«Այդ ապրանքների սահմանափակման պատճառը բացառապես նախազգուշական է, քանի որ մեր հաճախորդները մտահոգված են պատերազմով Ուկրաինայում,- անցյալ շաբաթ գործակալությանը հայտարարել է AB սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը:- Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ ապագայում կարող ենք բավարարել մեր հաճախորդների կարիքները»։
Հունաստանի զարգացման նախարար Ադոնիս Գեորգիադիսը Ant1 հեռուստաալիքին հայտնել է, որ որոշ ապրանքների պահանջարկը վերջին շաբաթներին աճել է մոտ 200 տոկոսով, քանի որ գնորդները շտապել են խանութներ՝ իրենց պաշարները համալրելու համար: «Ալյուրն ու արեւածաղկի ձեթն այն երկու ապրանքներն են, որոնք, էներգիայից բացի, ամենաշատն են տուժել պատերազմից,- ասել է Գեորգիադիսը։- Ամբողջ Եվրոպայում դեֆիցիտ է»:
Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին է ընկնում Հունաստան ցորենի ամբողջ ներմուծման մոտ 30 տոկոսը։ Իսկ երկրներն արտադրում են արեւածաղկի ձեթի համաշխարհային արտահանման 76 տոկոսը: Գեորգիադիսն անցյալ շաբաթ Հունաստանի խորհրդարանին հայտարարել էր, որ երկրում բավականաչափ սնունդ չկա խանութներն «առաջիկա ամիսներին լցնելու համար»:
Իսպանական արեւածաղկի ձեթը
Սննդամթերքի շարունակվող պակասը, ինչպիսիք են ձուն, կաթը եւ այլ կաթնամթերքներ, վրա է հասել նաեւ Իսպանիայում ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր: Իսկ խոշոր սուպերմարկետները, այդ թվում՝ Mercadona-ն եւ Makro-ն, սկսեցին նորմավորել արեւածաղկի ձեթն այս ամսվա սկզբին: Այժմ խանութներին ժամանակավորապես թույլատրվում է սահմանափակել «այն ապրանքների քանակը, որը կարող է գնել հաճախորդը», ասվում է հրապարակված Պաշտոնական պետական թերթում: Մադրիդյան տնտեսական խորհրդատվական AFI գործակալության տվյալներով՝ Ուկրաինան Իսպանիայի կարեւորագույն առեւտրային գործընկերներից է, որը երկիր էր մատակարարում եգիպտացորենի 30 տոկոսը եւ արեւածաղկի ձեթի 60 տոկոսը:
Ժամանակավոր նորմավորման մասին լուրը հայտնվել է Իսպանիայում մատակարարման շղթաների մի քանի շաբաթ ձգվող խափանումից հետո, որոնք առաջացել էին ավելի լավ աշխատանքային պայմաններ եւ բարձր աշխատավարձ պահանջող բեռնատարների վարորդների գործադուլի պատճառով: Բեռնափոխադրող շատ ընկերություններ փակվել են, քանի որ դիզվառելիքի գների բարձրացումը նրանց չեն փոխհատուցել, որը նույնպես առաջացել է ուկրաինական պատերազմի հետեւանքով, ինչը նրանց բիզնեսն անկայուն է դարձրել։
Խաթարված մատակարարման շղթայի պատճառով Inlac կաթնամթերքի ֆերմերների եւ արտադրողների ասոցիացիան դադարեցրել է կաթի արտադրությունը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն չորեքշաբթի հայտարարել է, որ հույս ունի, որ մատակարարումները կվերականգնվեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: