ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցներն Ալիշեր Ուսմանովի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկից բացառել է ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին, ում Եվրամիությունը նախագահ Վլադիմիր Պուտինի «սիրելի օլիգարխներից» մեկն է անվանում, ում կարողությունը մոտ 19.6 միլիարդ դոլար է գնահատվում:
ԱՄՆ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ հարյուրավոր ձեռնարկությունների արգելափակումը, որոնք ենթադրաբար կապված են Ուսմանովի հետ, կարող է վնասել համաշխարհային տնտեսությանը եւ մատակարարման շղթային, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Հետեւանքները մեղմելու համար ԱՄՆ-ն պատժամիջոցները կենտրոնացրել է Ուսմանովի հետ անձամբ կապված ակտիվների վրա, ինչպիսիք են նրա սուպերզբոսանավը եւ մասնավոր ինքնաթիռը, այլ ոչ թե՝ նրա բիզնես կառույցների:
Մարտի 3-ին Ֆինանսների նախարարությունը հատուկ լիցենզիա էր տրամադրել, որը «թույլատրում է բոլոր գործարքները եւ ապաարգելափակում է ցանկացած անձի ողջ ունեցվածքը, որը 50 եւ ավելի տոկոսով ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է Ուսմանովին»: Որպես կանոն, պատժամիջոցների տակ գտնվող ռուս գործարարներին պատկանող ընկերություններին արգելվում է բիզնես վարել ամերիկյան ընկերությունների հետ, եթե միայն դրանց բացառությյուն տևված չէ:
Պարբերականը գրում է, որ մարտի 1-ին էլեկտրոնային նամակագրության մեջ գանձապետարանի պաշտոնյա Լիզա Պալուկոնին մանրամասն նկարագրել է Ուսմանովի դեմ պատժամիջոցների մեղմացման ծրագիրը:
Ուսմանովի դեմ պատժամիջոցների սահմանափակման մասին որոշման վրա մասամբ ազդել է նաեւ օլիգարխի հայցերից խուսափելու ցանկությունը, որոնք կարող էին սպառել գերատեսչության սահմանափակ ռեսուրսները: