Կրեմլը մեկնաբանել է «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկություններն ազգայնացնելու Գերմանիայի ծրագրերը
«Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունների ազգայնացման Գերմանիայի ծրագիրը կխախտի միջազգային իրավունքները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հրապարակումները, որոնց համաձայն՝ Գերմանիայի ֆինանսների նախարարությունը քննարկում է «Գազպրոմ»-ի եւ «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունների ազգայնացման հարցը, հաղորդում է Интерфакс-ը։
Նրա խոսքով՝ նման ծրագիրը շատ լուրջ կերպով կխախտի միջազգային իրավունքը եւ բոլոր երեւակայելի ու աներեւակայելի կանոններն ու օրենքները։ «Հետեւաբար, մենք ուշադիր հետեւելու ենք։ Մենք, իհարկե, անընդունելի ենք համարում նույնիսկ հարցի բուն ուսումնասիրությունը»,- ասել է Պեսկովը։
«Սեփականության ավազակային կալանքը, որը տեղի է ունենում, դա բանկային հաշիվների, մասնավոր սեփականության միջոցների առգրավումն է: Մենք նաեւ տեսնում ենք ամբողջովին ավազակային գործողություններ մեր պահուստների դեմ, եւ, ինչպես ասաց նախագահ Պուտինը, սա նույնպես անօրինական է: Եթե հիմա դրան ավելանա ազգայնացման ուսումնասիրությունը, ապա դա, իհարկե, ոչ մի լավ բան չի խոստանում»,- ասել է նա։
Մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամական երկրների կողմից գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու մասին։ Հրամանագրի համաձայն՝ ապրիլի 1-ից ռուսական գազի գնորդները պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում՝ մատակարարումների դիմաց վճարելու համար։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Բեատե Բարոնը չի մեկնաբանել հնարավոր ազգայնացման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։