Ռուս սակրավորներն ականազերծման օպերացիա են սկսել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում
Ռուս սակրավորներն ականազերծման օպերացիա են սկսել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետների խումբն աջակցություն է ցուցաբերում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրված տարածքների հումանիտար ականազերծման աշխատանքներին»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Զինվորականների խոսքով՝ ԼԺՀ-ում ականազերծման համար ռուս զինվորականները, մասնավորապես, կօգտագործեն «Ուրան-6» սակրավոր ռոբոտին։
«Հատուկ տեխնիկան արդեն ԼԺՀ-ում է։ Սակրավորների աշխատանքի առաջնահերթ օբյեկտները կորոշվեն հանրապետության ղեկավարության եւ բնակավայրերի վարչակազմերի ղեկավարների հետ համաձայնեցմամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ-ում։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու մասին։ Ի պատասխան՝ շատ երկրներ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։
Ռուսական բանակն Ուկրաինայում հատուկ ռազմական օպարացիան կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից դրված խնդիրները լիովին չեն կատարվել, մարտի 25-ին հայտարարել էր ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։
Ռուդսկոյը հայտարարել էր, որ վերահսկողության տակ է վերցվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 93 տոկոսը եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի կեսից ավելին։
Մարտի 30-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական բանակը զորքերի պլանային վերախմբավորում է իրականացնում Կիեւի եւ Չեռնիգովի մոտ՝ Դոնբասը վերահսկողության տակ առնելու ջանքերի կենտրոնացման համար։