Սի Ծինպինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել շփումները երկկողմ հարաբերությունների եւ աշխարհի հիմնական հարցերի շուրջ
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կոչ է արել Չինաստանին եւ ԵՄ-ին ակտիվացնել շփումները երկկողմ հարաբերությունների եւ համաշխարհային խաղաղության եւ զարգացման հետ կապված հիմնական հարցերի շուրջ եւ կառուցողական դեր խաղալ անհանգիստ աշխարհում կայունացնող գործոնների ստեղծման գործում, փոխանցում է Xinhua-ն:
Այս հայտարարությունը նա արել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ութ տարի առաջ ԵՄ կենտրոնական գրասենյակում նա Չինաստանին եւ եվրոպական երկրներին առաջարկել էր միասին աշխատել Եվրասիական մայրցամաքում բարեկամության եւ համագործակցության կամրջի կառուցման, հանուն խաղաղության, աճի, բարեփոխումների եւ քաղաքակրթության զարգացման Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության զարգացման եւ էլ ավելի մեծ գլոբալ ազդեցությամբ Չինաստան-ԵՄ համապարփակ ռազմավարական գործընկերության ձեւավորման ուղղությամբ:
Չինաստանի տեսլականն անփոփոխ է մնում, ասել է Սի Ծինպինը։ Համենայնդեպս, այս պայմաններում դա էլ ավելի արդիական է դառնում, հավելել է նա: Չինաստանի ղեկավարի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը գումարվեց ձգձգվող COVID-19 համավարակին եւ անկայուն գլոբալ վերականգնմանը։ Այս կապակցությամբ Չինաստանը եւ ԵՄ-ն, որպես երկու խոշոր տերություն, խոշոր շուկաներ եւ մեծ քաղաքակրթություններ, պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները եւ շփումը գլոբալ խաղաղությանն ու զարգացմանն առնչվող հիմնական հարցերի շուրջ եւ կառուցողական դեր խաղան անհանգիստ աշխարհում կայունացնող գործոնների ստեղծման հարցում
Սի Ծինպինն ընդգծել է, որ անցյալ տարվանից Չինաստան-ԵՄ հարաբերություններում նոր առաջընթաց է գրանցվել՝ չնայած մարտահրավերներին, իսկ երկկողմ համագործակցության մեջ նոր արդյունքներ են ձեռք բերվել՝ չնայած դժվարություններին։ Փաստերը հաստատում են, որ Չինաստանը եւ ԵՄ-ն ընդհանուր շահեր և համագործակցության ամուր հիմք ունեն, ասել է Սին Ծինպինը՝ հավելելով, որ միայն համագործակցության եւ համակարգման միջոցով երկու կողմերը կարող են լուծել խնդիրները եւ հաղթահարել մարտահրավերները։
Սի Ծինպինը նշել է, որ Չինաստանի քաղաքականությունը ԵՄ-ի նկատմամբ կայուն եւ հետեւողական է։ Նա ԵՄ-ին կոչ է արել ձեւավորել Չինաստանի մասին սեփական պատկերացումը, անկախ քաղաքականություն որդեգրել նրա նկատմամբ, ինչպես նաեւ համատեղ ջանքեր գործադրել Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջադիմող եւ կայուն զարգացման համար։