Սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Սեղմված բնական գազի գինն երեկվանից թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է: Երեկվա դրությամբ հայաստանյան որոշ գազալցակայաններում սեղմված բնական գազի մեկ լիտրը վաճառվել է 350-360 դրամով: Օրեր առաջ այն արժեցել է 320-330 դրամ:
Չի բացառվում, որ սրա հետեւանքով թանկանան նաև ուղևորափոխադրման սակագները: Ավելին, տաքսիների (այսօր տաքսիների մեծ մասը սեղմված բնական գազով է շահագործվում) վարորդների մի հատված, առիթից օգտվելով, թանկացրել են ուղևորափոխադրման վարձը: Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ից գազի սակագինը սովորական սպառողների համար բարձրացել է 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ:
Բացի այս, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում