Ավստրալիան զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա
Ավստրալիան նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով զրահամեքենաներ կուղարկի Ուկրաինա, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ չհստակեցնելով, թե երբ եւ քանի Bushmasters կուղարկվի Ուկրաինա։
«Մենք ուղարկում ենք մեր զենքը, մենք ուղարկում ենք մեր զինամթերքը, մենք ուղարկում ենք մեր մարդասիրական օգնությունը, մենք ուղարկում ենք այդ ամենը եւ զրահաբաճկոններ,- ասել է Մորիսոնը:- Մենք պատրաստվում ենք ուղարկել մեր զրահափոխադրիչները, ինչպես նաեւ մեր Bushmasters-ները։
Զելենսկին զրահատեխնիկա մատակարարելու կոչ էր արել հինգշաբթի օրը տեսակապի միջոցով Ավստրալիայի խորհրդարանում ելույթի ժամանակ։ «Դուք շատ լավ Bushmaster զրահափոխադրիչներ ունեք, որոնք կարող են զգալիորեն օգնել Ուկրաինային, եւ այլ սարքավորումներ, որոնք կարող են ամրապնդել մեր դիրքերը սպառազինության մասով,- ասել էր Զելենսկին։- Եթե հնարավորություն ունեք կիսվելու մեզ հետ, երախտապարտ կլինեինք»: