Բացել էին առաջին հարկի պատուհանը և գողացել չհրկիզվող պահարան, ոսկյա զարդեր և փող
Մարտի 8-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դեմիրճյան փողոցի իր տնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին առաջին հարկի պատուհանը և գողացել չհրկիզվող պահարան, ոսկյա զարդեր և փող:
Ոստիկանությունից հայտնում են, որ գողության փաստով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, դատախազության և Արաբկիրի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին հայտնաբերվել և, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել 39 և 24 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի, մյուսը՝ Երևանի բնակիչ:
Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: