Հարավային Կորեայի նախագահի նստավայրը կվերակահավորեն համերգների կազմակերպման համար
Հարավային Կորեայի նախագահների նստավայրը (Կապույտ տունը) կվերածվի հանրային տարածքի, որտեղ տեղի կունենան նաեւ քեյ-փոփի եւ ավանդական երաժշտության աստղերի համերգներ։ Այս մասին հինգշաբթի Սեուլում տեղեկացրել են պետության ընտրված ղեկավար Յուն Սոկ Յոլի աշխատակազմին լիազորությունների հանձնման կոմիտեի ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Համալիրը, որտեղ գտնվում է Կապույտ տունը, լիովին կթարմացվի եւ մայիսի 10-ին նոր նախագահի երդմնակալությունից հետո բաց կլինի քաղաքացիների համար։ Մասնավորապես, համալիրի հրապարակները կօգտագործվեն մշակութային տարբեր միջոցառումների, օրինակ՝ քեյ-փոփ եւ ավանդական կորեական երաժշտության համերգների անցկացման համար»,- նշել են կոմիտեի ներկայացուցիչները։
Բացի այդ, ըստ նրանց, համալիրի տարածքում եւ նրա շրջակայքում կբացվեն ճեմուղիներ հետիոտների համար եւ սպորտային հրապարակներ։ Նստավայրի մի մասը կտրամադրվի տարբեր ցուցահանդեսների անցկացմանը, իշխանությունները բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի պահպանեն շենքերի պատմական տեսքը եւ ինտերիերը։
Ավելի վաղ Հարավային Կորեայի նորընտիր նախագահը խոստացել էր իր նստավայրը տեղափոխել ազգային պաշտպանության նախարարության շենք՝ Կապույտ տունը բացելով երկրի քաղաքացիների եւ զբոսաշրջիկների ազատ այցելության համար։ Այդ համալիրը, որը գտնվում է Չոսոն դինաստիայի (1392-1910թթ.) Քյոնբոքուն հիմնական պալատի կողքին, 1948-ից ծառայել է որպես հարավկորեական նախագահների նստավայր։ Այն զբաղեցնում է 250 հազ. քառ. կիլոմետր տարածք, ինչը 3,4 անգամ ավելի մեծ է Վաշինգտոնի Սպիտակ տան տարածքից։ Տուրիզմի նախարարության գնահատմամբ՝ լայն հասարակության համար այն բացելը տարեկան առնվազն 165 մլն դոլարի շահույթ կբերի։