Աբախազիան ողջունել է Հարավային Օսիայի՝ ՌԴ շրջանակներում Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորվելու ձգտումը
Աբախազիան ողջունում է Հարավային Օսիայի ժողովրդի՝ Ռուսաստանի Դաշնության շրջանակներում Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորվելու ձգտումը: Աբխազիան ինքն է կառուցում եւ կշարունակի կառուցել հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ, ասել է Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիան Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելու համար իրավական քայլեր ձեռնարկելու պլանների մասին իր հարավօսական գործընկեր Անատոլի Բիբիլովի հայտարարությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ողջունում ենք Հարավային Օսիայի ժողովրդի՝ Հյուսիսային Օսիայի հետ ռուսական պետության շրջանակներում վերամիավորվելու ձգտումը։ Վստահ ենք, որ այդ քայլը լիովին համապատասխանում է նաեւ Հարավային Օսիայի ժողովրդի շահերին»,- ասել է Բժանիան։
Ինչ վերաբերում է Աբխազիայի ղեկավարության դիրքորոշմանն այս համատեքստում, Բժանիան հայտարարել է, որ «ինքնիշխան անկախ Աբխազիան կառուցում է եւ կշարունակի կառուցել հարաբերությունները եղբայրական դաշնակից Ռուսաստանի հետ՝ 2014 թվականի նոյեմբերի 24-ի պայմանագրին համապատասխան»։
Նախօրեին Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը շուտով օրինական քայլեր կձեռնարկի՝ Ռուսաստանի կազմ մտնելու համար։ Բիբիլովը նշել է, որ այդ «ռազմավարական նպատակն» իրականացնելու հնարավորությունը կար դեռեւս 2014 թվականին, երբ հանրաքվեից հետո Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանի Դաշնության հետ։ Նույն օրը ավելի ուշ նա ասել էր, որ հանրապետությունում պետք է «առանց հապաղելու» համազգային քվեարկություն կազմակերպել այդ հարցով: