Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանի եւ Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում» (Տեսանյութ և լուսանկարներ)
Այս գիշեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը կրկին մարդաշատ էր. դիմավորում էին ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին։
Ապրիլի 1-ին՝ ժամը 03։55-ին, Բուդապեշտ - Վիեննա - Երեւան չվերթով հայրենիք վերադարձան Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը, բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը, Հայաստանի հավաքականի մարզիչներն ու Եվրոպայի առաջնությանը մասնակցած մյուս ըմբիշները։
Եվրոպայի առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել մարզիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները։ Օդանավակայանի սպասասրահում մեծ թվով երկրպագուներ կային, բայց ավանդական զուռնա-դհոլ չկար։ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին եւ Մանվել Խնձրցյանին դափնիներ հանձնեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը։
Երկրպագուները ժամանման սրահում ծափերով դիմավորեցին Արսեն Հարությունյանին։ Ընկերները Եվրոպայի կրկնակի չեմպիոնի պարանոցից հանեցին ոսկե մեդալը, դափնին ու չեմպիոնին օդ «թռցրին» եւ ծափերով ճանապարհեցին հայրենի Մարմարաշեն։
«Այս անգամ շատ վստահ էի մեկնել Եվրոպայի առաջնության։ Բուդապեշտում շանսերն ավելի մեծ էին, որ կարող էի չեմպիոն դառնալ, քան 2019 թվականին։ Առաջին չեմպիոնությանս ժամանակ ցանկությունս էր շատ մեծ, որ դառնայի հաղթող։ Այս Եվրոպայի առաջնությունում ֆավորիտ էի եւ մեծ հաշվով ապացուցեցի, եզրափակիչում էլ մեծ հաշվով հաղթեցի։ Հաջորդ նպատակս աշխարհի առաջնությունն է։ Հիմա մի քանի օր կհանգստանամ եւ կսկսեմ պատրաստվել աշխարհի առաջնությանը։
Շատ ուրախ էի, որ հնչելու էր Հայաստանի հիմնը, դրոշը բարձրանար ու ամբողջ ազգը տեսներ։ Պատվո հարթակին մեծ ոգեւորությամբ էի կանգնած, հատկապես, որ եզրափակիչում հաղթել էի թուրք ըմբիշին։
Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած հայ զինվորներին»,- աաց Արսեն Հարությունյանը։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մարտի 28-30-ն անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը նվաճեց երեք մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ եւ 1 բրոնզ։
Բուդապեշտի մրցագորգում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ 70 կգ քաշային Արման Անդերասյանը։ Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 1։2 հաշվով զիջեց 2017 թվականի աշխարհի չեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր վրացի Զուրաբ Յակոբիշվիլիին։
Եվրոպայի բրոնզե մեդալով հավաքականում նորամուտը նշեց Մանվել Խնձրցյանը։ 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց գերմանացի Նիկլաս Ստեչելի հետ եւ առավելության հասավ 6։2 հաշվով։
Հայաստանը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում զբաղեցրեց չորրորդ տեղը։
Աղբյուրը՝ News.am Sport