Հնդկաստանում հայտնաբերել են հսկա քարե սափորներ, որոնք հուղարկավորության ծեսերի համար են օգտագործվել
Հնդկաստանի Ասամ քաղաքի չորս նոր վայրերում հայտնաբերվել են առեղծվածային հսկա սափորներ, որոնք հնարավոր է թաղման ծեսերի համար են օգտագործվել: Բացահայտումը Ավստրալիայի ազգային համալսարանի (ANU) հետազոտողների մասնակցությամբ լայնածավալ համագործակցության արդյունք է, գրում է Journal of Asian Archeology-ը:
Վերջերս հայտնաբերված 65 ավազաքարային սափորները տարբերվում են իրենց ձեւով եւ նախշերով, դրանցից մի քանիսը բարձր են եւ գլանաձեւ, իսկ մյուսները մասամբ կամ ամբողջությամբ հողի մեջ են: Նմանատիպ սափորներ, որոնցից մի քանիսը հասնում են երեք մետր բարձրության եւ մինչեւ երկու մետր լայնության, նախկինում հայտնաբերվել են Լաոսում եւ Ինդոնեզիայում: «Մենք դեռ չգիտենք, թե ով է պատրաստել այս հսկա սափորները եւ որտեղ են նրանք ապրել։ Այդ ամենը մի փոքր առեղծված է»,- ասում է ANU-ի ասպիրանտ Նիկոլաս Սկոպալը: Մեկ այլ առեղծված է, թե ինչի համար են դրանք օգտագործվել: Հետազոտողները կարծում են, որ սափորները հավանաբար կապված են եղել թաղման ծեսերի հետ։
«Հնդկաստանի հյուսիս-արեւելքում ներկայիս էթնիկ խմբի՝ նագա ժողովրդի պատմություններ կան, որ նրանք գտել են ասամյան սափորներ՝ լցված դիակիզված մնացորդներով, ուլունքներով եւ այլ նյութական արտեֆակտներով»,- ասում է Սկոպալը: Այս տեսությունը համահունչ է այլ սափորների գտածոներին այնպիսի երկրներում, ինչպիսին է Լաոսը, դրանք նույնպես կապված են թաղման ծեսերի հետ: «Կարծես թե Հնդկաստանում չկա որեւէ կենդանի էթնիկ խումբ, որը կապված է այս սափորների հետ, ինչն ընդգծում է մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը»,- ասում է գիտնականը: «Որքան երկար են տեւում մեր որոնումները, այնքան ավելի հավանական է, որ դրանք ոչնչացվեն, քանի որ ավելի շատ գյուղատնտեսական մշակաբույսեր են տնկվում եւ անտառներ հատվում այս տարածքներում»: Հետազոտողները աշխատել են տեղական համայնքների հետ՝ սափորների պոտենցիալ վայրեր գտնելու համար, հաճախ լեռնային ջունգլիների խորդուբորդ հատվածների միջով: Հետազոտությունը ղեկավարել են Թիլոկ Թհակուրիան՝ Հիլլի համալսարանից, եւ Ուտամ Բատարին՝ Գաուհատիի համալսարանից, ասվում է հոդվածում: