Ուկրաինայի իրավիճակի պատճառով մի շարք ընկերություններ չկարողացան Երեւան գալ․ Սահակյան
Հրավերներ ենք ուղարկել տարբեր երկրներից բազմաթիվ ընկերությունների, սակայն, ցավոք, ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված մի շարք ընկերություններ չկարողացան գալ եւ մասնակցել այսօրվա ցուցահանդեսին։ Այս մասին մարտի 31-ին «ArmHighTech 2022» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի բացման օրը լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Դավիթ Սահակյանը։ Նա պարզաբանեց, որ խնդիրները կապված են տրանսպորտի հետ։
«Ներկայացված են չորս արտասահմանյան ընկերություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից եւ Հունաստանից։
Ցուցահանդեսին մասնակցող ընկերություններն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում փոխադարձ համագործակցության նկատմամբ։ Այսօրվա ցուցահանդեսը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության յուրօրինակ հաշվետվությունն է կատարված աշխատանքների վերաբերյալ։ Մեր ակնկալիքները բիզնեսի ոլորտում են»,- նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ «ArmHighTech 2022»-ը կտեւի մինչեւ ապրիլի 2-ը։ Ներկայացված են պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները։