Ռուսաստանը Եվրամիության բարձրագույն ղեկավարությանն ընդգրկել է սև ցուցակում
Եվրամիության բարձրագույն ղեկավարությունը հայտնվել է ՌԴ սև ցուցակում. Նրանց մուտքը Ռուսաստանի տարածք արգելված է։
Նման գործողությունները ձեռնարկվում են որպես պատասխան ԵՄ պատժամիջոցներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Թե կոնկրետ ովքեր են հայտնվել պատժամիջոցների ցանկում, հաղորդագրությունում չի նշվում։ Գերատեսչությունը հավելել է, որ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ նոտա է փոխանցվել Մոսկվայում ԵՄ պատվիրակությանը։
«Սահմանափակումները վերաբերում են Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը, ներառյալ մի շարք եվրահանձնակատարների և ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրախորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությանը, որոնք քարոզում են հակառուսական քաղաքականություն», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ցանկում նաև ընդգրկված են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵՄ որոշ անդամ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և լրատվամիջոցների աշխատողներ, ովքեր անձամբ պատասխանատու են հակառուսական անօրինական պատժամիջոցների խթանման, ռուսաֆոբիայի տրամադրություններ հրահրելու, ռուսալեզու բնակչության իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու համար»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։