Ռուսաստանը Հայաստանում պաշտպանական ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացնի ԱԿ-15 եւ ԱԿ-203 ինքնաձիգներ
Երևանում կայանալիք ArmHighTech 2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում Ռուսաստանն առաջին անգամ կներկայացնի ԱԿ-15 եւ ԱԿ-203 ինքնաձիգներ։ Այս մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» մամուլի ծառայությունը։
«ArmHighTech 2022 ցուցահանդեսում առաջին անգամ ռուսական պաշտպանական արդյունաբերության նորույթների շարքում կլինեն արդիականացված մարտական եւ ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, Տ-90ՄՍ տանկ, ունիվերսալ զրահապատ ինժեներական մեքենան, «Բումերանգ» անիվավոր զրահապատ հարթակի վրա հիմնված մարտական մեքենաներ, ինչպես նաեւ ԱԿ-15 եւ ԱԿ-203 ինքնաձիգներ»,- հայտնել է մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» կներկայացնի ավիացիոն տեխնիկայի մոդելներ, այդ թվում՝ ցամաքային զորքերի համար նախատեսված սպառազինություն, հակաօդային պաշտպանության համակարգեր, տարբեր նշանակության մեքենաներ։ Ընկերությունը կցուցադրի նաեւ փոքր անօդաչու թռչող սարքերի դեմ ռադիոլոկացիոն պայքարի միջոցներ։ Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին նախատեսվում է ներկայացնել մոտ 300 անուն ապրանք։
Բացի այդ, Երեւանում «Ռոսօբորոնէքսպորտը» լայն հնարավորություններ կներկայացնի ռուսական արդյունաբերությանը նախկինում մատակարարված ապրանքների արդիականացման համար, այդ թվում՝ համատեղ գործունեության շրջանակում։
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ArmHighTech 2022 սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների III միջազգային ցուցահանդեսը։