ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանցու և նրա ընկերությունների ցանցի դեմ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իրանցու եւ նրա ընկերությունների ցանցի դեմ, որոնց նա մեղադրել է այն բանում, որ օգնել են Թեհրանին նյութեր ձեռք բերել բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի համար:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ գործել է «Իրաքում Էրբիլին Իրանի հրթիռային հարվածից հետո եւ այս ամիս Saudi Aramco օբյեկտին հուսիների հրթիռային հարվածից հետո, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ Իրանի այլ հրթիռային գրոհներից հետո»:
Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել իրանական գնումների գործակալ Մոհամմադ Ալի Հոսեյնիի եւ նրա ընկերությունների ցանցի նկատմամբ, որոնց միջոցով բալիստիկ հրթիռների եւ հարակից նյութերի համար վառելիք են գնել՝ Իրանի հրթիռային ծրագրին աջակցելու նպատակով:
Ֆինանսների նախարարությունը նրան մեղադրել է բալիստիկ հրթիռների հետազոտման եւ մշակման համար պատասխանատու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանման համար նյութեր գնելու մեջ:
«Քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է հասնել նրան, որ Իրանը վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, մենք չենք վարանի հարված հասցնել նրանց, ովքեր աջակցում են իրանական բալիստիկ հրթիռների ծրագրին»,- ասել է ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը։