Մարդկության մեկ քառորդն այսօր հակամարտության գոտիներում է ապրում․ Անտոնիո Գուտերեշ
Մարդկության մեկ քառորդը՝ երկու միլիարդ մարդ, այսօր հակամարտությունների գոտիներում է ապրում, եւ աշխարհը բախվում է 1945թ․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենակատաղի հակամարտություններին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Գուտերեշն անդրադարձել է Եմենի, Սիրիայի, Մյանմայի, Սուդանի, Հայիթիի, աֆրիկյան Սահելի հակամարտություններին, «եւ այժմ էլ Ուկրաինայի պատերազմը՝ աղետ, որը ցնցել է միջազգային կարգի հիմքերը եւ դուրս է եկել սահմաններից եւ պարենի, վառելանյութի ու պարարտանյութի գների արագ աճ է առաջացրել, ինչը աղետ է զարգացող երկրների համար»։
Նա ՄԱԿ-ի Խաղաղության կառուցման հանձնաժողովին ասել է, որ անցյալ տարի 84 մլն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները հակամարտությունների, բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով: «Իսկ այս տարի, մեր հաշվարկներով, առնվազն 274 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք կունենա»,- ասել է նա։
Նրա խոսքով, դա տեղի է ունենում «ռիսկերի բազմապատկման ժամանակ, որոնք աշխարհն ավելի անհասանելի են դարձնում՝ անհավասարություն, COVID-19, կլիմայի փոփոխություն եւ կիբեռսպառնալիքներ, եւ սրանք դրանցից ընդամենը մի քանիսն են»:
Նա ասել է, որ «հակամարտութան բոցը բորբոքվում է անհավասարությամբ, զրկանքներով ու ոչ բավարար ֆինանսավորվող համակարգերի պատճառով», եւ այդ խնդիրները պետք է հրատապ լուծվեն: