Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելուն
Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելուն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Նա նաեւ նյարդային եւ սխալ է անվանել երկրի դատախազության գործողությունները։
«Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարություններին եւ կփորձենք քայլեր ձեռնարկել մեր գործընկերներին հանգստացնելու համար»,- ասել է Չեպան։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարել էր Դելյագինի դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքները եւ նավթարդյունաբերությունը ոչնչացնելու կոչի համար, ինչպես նաեւ որոշում է կայացրել նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։
Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը մարտի 28-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել կոշտ եւ միանշանակ պատժել Ադրբեջանին կամ, ինչպես ինքն է ասել, «թուրքական պրոքսիին»՝ ԼՂ-ում նրա գործողությունների եւ ռուս խաղաղապահներին չհնազանդվելու համար։
Նրա խոսքով՝ Բաքվից հարձակման վտանգ կա, քանի որ ադրբեջանցիները խախտել են Արցախում հրադադարի ռեժիմը։ «Մեր ՊՆ-ն հայտարարեց, որ նրանք հետ են քաշվել, իսկ Բաքուն պաշտոնապես հայտարարում է, որ չի լքում զբաղեցրած տարածքները։ Ուստի իրական վտանգ կա Թուրքիայի, ավելի ճիշտ՝ թուրքական պրոքսիի կողմից։ Պետք է պատժել խիստ եւ միանշանակ։ Ինչո՞ւ է մեզ պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը. Մենք դրա կարիքը չունենք: Եթե մարդիկ խոսքով չեն հասկանում, հավանաբար ստիպված կլինենք գործով հասկացնել։ Եթե դա չանենք, մենք չենք լինի»,- ասել է պատգամավորը։
Նշենք, որ Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել են, որ Դելյագինի մեկնաբանությունները չեն արտացոլում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։
Ինքը՝ Դելյագինը, ներողություն է խնդրել բոլոր ազգերի ներկայացուցիչներից, որոնց վախեցրել են իր խոսքերը, եւ նշել է, որ իր ներողությունը չի վերաբերում այն մարդկանց, որոնք իրեն չեն հասկացել, քանի որ ռուսերենից միայն անպարկեշտ արտահայտությունները գիտեն։
Դելյագինը նաեւ նշել է, որ իր հայտարարությունը հասցեագրված է ոչ թե Ադրբեջանի ժողովրդին եւ պետությանը, այլ ադրբեջանական բյուրոկրատիայի որոշ հատվածին, որը որոշել է, որ կարող է չկատարել Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։