Ուզբեկստանն ու Թուրքիան ստորագրել են «ռազմական ընդլայնված շրջանակային համաձայնագիր»
Ուզբեկստանն ու Թուրքիան ստորագրել են «ռազմական ընդլայնված շրջանակային համաձայնագիր», հաղորդում է Podrobno.uz-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը։
Փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ուզբեկստան կատարած այցի ժամանակ։ Թուրքական կողմից փաստաթուղթը ստորագրել է ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ուզբեկական կողմից՝ պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը։
Թե որն է այդ փաստաթղթի էությունը, կողմերը չեն բացահայտում։ Սակայն Տաշքենդում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ուզբեկստանի միջեւ կնքվել են պայմանագրեր պաշտպանական արդյունաբերության ոլորտում, որոնցում երկրները «մեծ ներուժ» ունեն։
«Այսօր մենք նոր համաձայնագրեր ենք ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում, եւ պատրաստ ենք ձեզ հետ կիսել պաշտպանական արդյունաբերության մեր ռեսուրսները։ Այս ոլորտում Թուրքիայի ձեռքբերումներն արդեն հայտնի են»,- ասել է Էրդողանը։
«Մենք նաեւ պայմանավորվեցինք հետագայում զարգացնել մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, տրանսպորտը, էներգետիկան, առողջապահությունը, կրթությունը»,- հավելել է Էրդողանը: