Ստեփանակերտի ծննդատան բակում դիմավորում էին ամենափոքրիկ խրամորթցուն
Ստեփանակերտի ծննդատանը ծնվել է խրամորթցի ընտանիքի 5-րդ երեխան:
Փոքրիկ Լեոն ծնվել է, երբ գյուղից տարհանվել են կանայք ու երեխաները: Ընտանիքի անդամները չեն ուզում այլ բնակավայրում ապրել, անգամ չեն էլ ուզում անցյալով խոսել Ղարաբաղի մասին:
«Խրամորթում ապրում եմ 35 տարի: մենք բուն փառուխեցի ենք, բայց1985 թվականին եկել ենք Խրամորթ: Հույս ունենք, որ վերադառնալու ենք Խրամորթ եւ մեր երեխան խաղաղություն է բերելու Արցախում ու ամբողջ աշխարհում: Ցանկանում եմ, որ ոչ մի խոխա, ոչ մի շնող աշխարհում կռիվ չտեսնի»,-ասում է նորածնի հայրը՝ Սեւակ Բաղդասարյանը:
«Մեր գյուղը մարդաշատ էր, կյանքը եռում էր եւ հույս ունենք, որ վերջին իրադարձություններից հետո անպյման կվերադառնանք գյուղ եւ մեր փոքրիկները կապրեն ու կմեծանան մեր գյուղում»,-ասում է նորածնի մայրը՝ Լիլիթ Մկրտչյանը:
Այս պահին ընտանիքն ապրում է Իվանյանում: Լիլիթն աշխատում էր Խրամորթի դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Ցավով է նշում, որ վերջին իրադրաձություններից հետո երեխաները դպրոց չեն գնացել:
Նորածնին ծննդատան բակում դիմավորելուց հետո ընտանիքի հայրը շտապել է Խրամորթ՝ միանալու մարտական ընկերներին: