Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունն էներգակիրների գների և կյանքի գնի կտրուկ աճի կհանգեցնի
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունը էներգակիրների գների եւ կյանքի ծախսերի կտրուկ աճի կհանգեցնի, ինչը կխոչընդոտի համավարակի վերականգնմանը, փոխանցում է AFP-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը «զգալի անորոշություն» է բերել ԵՄ տնտեսության հեռանկարներում:
«Պատերազմի տնտեսական ազդեցությունը լավագույնս արտացոլում է այն, ինչ տնտեսագետներն «առաջարկի շոկ» են անվանում, այսինքն՝ շոկ, որը միաժամանակ մեծացնում է գնաճը եւ նվազեցնում աճը»,- ասել է Լագարդը մամուլի ասուլիսին։ Նա ասել է, որ, ինչպես ակնկալվում է, էներգիայի գները դեռ երկար ժամանակ բարձր կմնան, քանի որ գազի գները այս պահի դրությամբ բարձրացել են 52 տոկոսով, իսկ նավթի գները՝ 64 տոկոսով։ Պարենային ապրանքների գնաճի վրա ճնշումը հավանաբար եւս կուժեղանա:
Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման գրեթե 30 տոկոսը, մինչդեռ Բելառուսը եւ Ռուսաստանն արտադրում են կալիումի համաշխարհային ծավալի մոտ մեկ երրորդը, որը պարարտանյութերի արտադրության հիմնական բաղադրիչն է, ինչը սրում է մատակարարման պակասը: «Գլոբալ նեղ տեղերն արտադրության մեջ, հավանաբար, կպահպանվեն որոշ ոլորտներում»,- ասաց նա:
Ռուսաստանը պալադիումի ամենամեծ արտահանողն է աշխարհում, որն անհրաժեշտ է կատալիտիկ փոխարկիչների արտադրության համար, մինչդեռ Ուկրաինան մատակարարում է աշխարհի նեոնի մոտ 70 տոկոսը, որն անհրաժեշտ է կիսահաղորդիչների արտադրության համար։
«Քանի որ եվրոյի գոտին էներգիայի նետտո-ներկրող է, էներգակիրների գների աճը սպառողների համար գնողունակության կորուստ է նշանակում»,- ասել է Լագարդը:
Նա նշել է, որ տնային տնտեսություններն ավելի հոռետեսական են դառնում եւ կարող են էլ ավելի շատ կրճատել ծախսերը: «Սպառողների վստահությունն այս ամիս ընկել է մինչեւ 2020 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակ եւ զգալիորեն ավելի ցածր է մնում իր երկարաժամկետ միջինից»:
Լագարդն ասել է, որ գնաճի տեմպերը եւ աճի դանդաղումը կախված կլինեն նրանից, թե ինչպես կզարգանան հակամարտությունը եւ ռուսական պատժամիջոցները: «Ակնհայտ է, որ որքան երկար շարունակվի պատերազմը, այնքան բարձր կլինեն տնտեսական ծախսերը, եւ ավելի հավանական է, որ մենք ավելի ծանր վիճակում կհայտնվենք»:
Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմը բացահայտեց «մեր անվտանգության եւ առեւտրային հարաբերությունների խորը ռազմավարական խոցելիությունները, որոնք մենք կարող ենք լուծել միայն համախմբվելով»։ Լագարդն ասել է, որ Եվրոպան կարճաժամկետ հեռանկարում «դժվար փուլ» է թեւակոխում՝ ավելի բարձր գնաճով եւ ավելի դանդաղ աճով: