Ֆրանսիայում վստահեցնում են, որ էներգիայի մատակարարումների հետ կապված խնդիրներ չպետք է լինեն
Ֆրանսիան էներգիայի մատակարարումների հետ կապված խնդիրներ չպետք է ունենա, ասել է երկրի CRE կարգավորող մարմնի ղեկավար Ժան-Ֆրանսուա Կարենկոն՝ հավելելով, որ բաժանորդներին զգույշ լինելու խնդրանքները նորմալ է, հայտնում է Reuters-ը։
Գերմանիան ավելի վաղ հայտարարել էր գազի մատակարարման հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակի համար «վաղ նախազգուշացման» մասին, որի նպատակը Ռուսաստանից հոսքերը խախտելու կամ դադարեցնելու ռիսկին պատրաստվելն է:
«Ամեն ինչ լավ կլինի, գազի պահեստները լավ են լցված, մենք կդիմանանք ձմռանը»,- ֆրանսիական BFM հեռուստաալիքին ասել է CRE-ի ղեկավար Ժան-Ֆրանսուա Կարենկոն:
Գերմանիայի հայտարարությունը ամենաակնհայտ նշանն է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Եվրամիությունը մատակարարումների խափանումների է պատրաստվում:
Ֆրանսիայի բնական գազի բաշխման առաջատար օպերատոր GRDF-ի ղեկավար Լորանս Պուարյե-Դիտցը Les Echos թերթին ասել է, որ երկիրը պատրաստվում է հաջորդ ձմռանը Ռուսաստանից մատակարարումների հնարավոր խափանումների: «Ռուսական գազի ներմուծման ամբողջական կամ մասնակի կասեցման դեպքում, որն աննախադեպ կլինի, GRDF-ն պատրաստ է բացառիկ միջոցներ ձեռնարկել սպառումը նվազեցնելու համար (…)»:
GRDF-ն օրական բնական գազ է մատակարարում ավելի քան 11 մլն բաժանորդների ջեռուցման, ուտելիք պատրաստելու, տրանսպորտային միջոցների եւ արդյունաբերական գործընթացների համար:
Ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստվում է «բոլոր հնարավոր սցենարներին», այդ թվում՝ Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը դադարեցնելուն: «Մենք պետք է աշխատենք վթարային լուծումների վրա, եթե այս որոշումը կայացվի, նույնիսկ եթե դա կենտրոնական սցենար չլինի»,- ասել է նա։