Զաքիր Հասանովը Ջեյմս Հեփիին ներկայացրել է Ղարաբաղի հետ սահմանին տեղի ունեցողի իր վարկածը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար, բրիտանացի պատգամավոր Ջեյմս Հեփիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության նախարարը «մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ղարաբաղյան տնտեսական գոտում եւ ադրբեջանա-հայկական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին», երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիային ականազերծման հարցում աջակցության համար։ Իր հերթին, Ջեյմս Հեփին նշել է, որ փոխայցելությունները եւ երկրների միջեւ հանդիպումները կարեւոր են երկկողմ կապերի ընդլայնման համար:
Հիշեցնենք, որ իրավիճակն այնքան էլ խաղաղ չէ, ինչպես նկարագրված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանն անընդհատ սադրանքներ է ձեռնարկում է՝ գնդակոծելով հայկական գյուղերը, ներխուժել է Արցախի տարածք, չի ցանկանում կատարել եռակողմ հայտարարության դրույթները՝ զուգահեռ մեղադրելով բոլորին ու ամեն ինչին։