Հայ մասնագետները բացառիկ վիրահատություն են անցկացրել՝ 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան պահպանելու համար
«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում հայ մասնագետները բացառիկ վիրահատություն են անցկացրել՝ 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան պահպանելու համար:
Բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:
Ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած պացիենտներից մեկին` 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում:
Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով):
Հաշվի առնելով ախտորոշումը մարտի 29-ին պացիենտին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան:
«Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել: Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան», - մանրամասնում է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով:
ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծում է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում:
Նախաձեռնության շրջանակում Արմինե Հարությունյանն արդեն 4-րդ վիրահատական միջամտությունն է կատարում:
Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով նա կոչ է անում կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով: