Նատալյա Ռոտենբերգ. Այո, ես հրավիրել եմ մարզիչներին իմ ամուսնու կուսակցություն
Այո, սա նորմալ քաղաքական գորընթաց է, եւ ես հրավիրել եմ մարզիչներին իմ ամուսնու կուսակցությունը համալրելու համար: Մարդը ընտրության հնարավորություն ունի: Հիմա էլ եմ հրավիրում բոլորին: Ես շարունակելու եմ լինել քաղաքականությունում։
Մարտի 29-ին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց Նատալյա Ռոտենբերգին ՀՄՖ փոխնախագահի պաշտոնից ազատելու եւ համագործակցությունը դադարեցնելու մասին: Ֆեդերացիան եւ նախագահ Գագիկ Վանոյանն ավելի ուշ մեկնաբանեցին, որ նման որոշում կայացնելու պատճառը սպորտը քաղաքականությունից հեռու պահելու նպատակն է:
ՀՄՖ նախագահը հայտնել էր, որ Նատալյա Ռոտենբերգին փոխնախագահի պաշտոնից հեռացնելու պատճառը մարզիչներին քաղաքական կուսակցության անդամ դարձնելուն միտված քայլերն են եղել նրա կողմից:
«Նախքան իրադարձություններին անդրադառնալը՝ ցանկանում եմ ամփոփել հայկական գեղարվեստական մարմնամարզությունում իմ 4-ամյսա գործունեությունը:
Ես մարզաձեւի հետ սկսել եմ աշխատել դեկտեմբերից: Այս կարճ ժամանակահատվածում մեծ գործ ենք արել: Ես այցելել եմ գրեթե բոլոր մարզադպրոցներ, ծանոթացել մարզաձեւի խնդիրներին: Անցկացրել եմ հատուկ նպատակային մրցաշար, որը միտված էր հասկանալ ոչ միայն հայ մարզուհիների ներուժը, այլեւ մարզիչների աշխատանքը: Ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել «Գազպրոմ-Արմենիայի» հետ, որպեսզի այնտեղ նույնպես ունենանք լավ պայմաններով մարզումներ: Ձեռք եմ բերել գորգ մարզիկների համար: Իմ անձնական միջոցներով կազմակերպել եմ ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում, որն անցկացնելու համար Հայաստան եմ հրավիրել Ռուսաստանի օլիմպիական հավաքականից Եկատերինա Պիրաժկովային: Նա հրաշալին աշխատանք է կատարել երեխաների հետ: Իմ նախաձեռնությամբ գեղարվեստական մարմնամարզությունն արդեն ունի եւս երկու միջազգային կարգի մրցավար: Նաեւ դրսից հրավիրել եմ միջազգային կարգի մրցավարի, ռուս Աննա Սվիրինա: Նա երկրորդ կատեգորիայի մրցավար է, մարզիչ: Ռուսաստանից է, բայց արդեն ունի հայկական անձնագիր եւ ներկայացնում է Հայաստանը:
Ես կազմակերպել եմ սեմինարներ, որոնց շատերը չէին ցանկանում մասնակցել: Ուզում եմ ընդգծել Շահինյանի անվան մարզադպրոցը, որը բացահայտ բոյկոտեց իմ սեմինարները, նաեւ այնտեղի մարզիչները չցանկացան աշխատել ինձ հետ:
Ես կարողացա այս մարզաձեւի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Նախարարությունն արդեն «թաղել» էր այս մարզաձեւը, բայց միայն իմ ներկայությունը, միայն ինձանով գեղարվեստական մարմնամարզության նկատմամբ ուշադրությունը մեծացավ:
Ես նաեւ ունեի տարվա աշխատանքային պլան եւ արդեն նախագծած մրցաշարեր, սեմինարներ, գործեր, որոնք միտված էին Հայաստանում մարզաձեւի զարգացմանը: Այժմ այդ ամենը հանձնում եմ ֆեդերացիային: Մենք ունենք մրցաշարեր, որոնց արդեն հայտեր ենք ներկայացրել, հուսամ ֆեդերացիայի նախագահն ամեն ինչ կանի, որպեսզի մեր մարզուհիները հնարավորություն ունենան մասնակցել մրցաշարերի, ճանապարհորդել, ունենալ ուսումնամարզական հավաքներ:
Այդպես օրինակ, արդեն մայիսին նախատեսված էր մեծ հավաք Ծաղկաձորում, որին մասնակցելու էին 100 մարզուհի: Պարոն Վանոյանը խոստացել է հոգալ այդ հավաքի ծախսերը, այնպես ինչպես ես հոգացի առաջին հավաքի ծախսերը: Մտադրված էի այդ հավաքին եւս մեկ անգամ հրավիրել Եկատերինա Պիրաժկովային, որպեսզի նա ամրապնդեր այն ամենն, ինչ սովորեցրել էր առաջին հավաքի ժամանակ: Բայց այլեւս Եկատերինա Պիրաժկովան անվճար չի գա Հայաստան, նա մեծ գումարներ արժի»,- ասաց Նատալյա Ռոտենբերգը:
Անդրադառնալով ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից իրեն հեռացնելու եւ ֆեդերացիայի հետ համագործակցությունը խզելու մասին, Ռոտենբերգը նշեց.
«Ես ոչինչ չեմ կորցրել, նրանք են կորցրել: Ինձ չեն հեռացրել: Հեռացնում են այն մարդուն, ում աշխատավարձ են տալիս: Ես աշխատավարձ չեմ ստացել, ինչը նշանակում է՝ ինձ չեն հեռացրել: Սա իմ անձնական նախաձեռնությունն է եղել մտնել գեղարվեստական մարմնամարզություն: Ես իմ հեռանալու եւ փոխնախագահի կարգավիճակից ազատվելու մասին իմացել եմ ուրիշ մարդկանցից: Ինձ որեւէ մեկը նույնիսկ չի հրավիրել հանդիպման, ֆեդերացիան, սպորտի նախարարությունը համարձակություն չեն ունեցել ինձ կանչել հանդիպման եւ ասել, որ ես ինչ–որ բանը սխալ եմ անում, ինչը նրանց դուրս չի գալիս: Ամեն ինչ արվել է շատ կտրուկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: