ԱՄՆ-ի պետքարտուղարը և Աբու Դաբիի թագաժառանգը Մարոկկոյում քննարկել են ուկրաինական ճգնաժամը
Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանը երեքշաբթի Մարոկկոյի մայրաքաղաքում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք քննարկել են «ԱՄԷ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ «բարեկամությունն ու համագործակցությունը եւ տարբեր ոլորտներում դրանց ամրապնդման ուղիները՝ երկուստեք շահերի պահպանման եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդման համար», տեղեկացրել է Էմիրաթների WAM տեղեկատվական գործակալությունը։
Շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանը եւ Բլինքենը «քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամը»։ Նրանք «կարծիքներ են փոխանակել հումանիտար եւ տնտեսական մակարդակներում այդ ճգնաժամի հետեւանքների մեղմման եւ իրավիճակի լիցքաթափման ջանքերի մասին՝ երկխոսության, դիվանագիտության ճանապարհով եւ գլոբալ անվտանգության ու կայունության պահպանման համատեղ գործողությունների միջոցով», նշել է գործակալությունը։
Բլինքենը աշխատանքային այցով Մարոկկոյում է երկուշաբթի օրվանից։ Երեքշաբթի նա Ռաբաթում հանդիպել է թագավորության իշխանությունների ներկայացուցիչների, ներառյալ՝ վարչապետ Ազիզ Ահենուշի եւ ԱԳՆ ղեկավար Նասեր Բուրիտուի հետ։ ԱՄՆ-ի պետքարտուղարը չորեքշաբթի Մարոկկոյից կմեկնի Ալժիր։