ԱՄԷ էներգետիկայի նախարարը զգուշացնում է աղքատության եւ տնտեսական լճացման մասին
Էներգիայի հասանելիության խնդիրը լուծելու անկարողությունը կարող է հանգեցնել նրան, որ աշխարհի զգալի մասը կհայտնվի աղքատության մեջ, իսկ համաշխարհային տնտեսության մեջ լճացում տեղի կունենա: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհայիլ Ալ Մազրուին։
Էներգակիրների գների աճը ամբողջ աշխարհում ինֆլյացիայի կտրուկ աճի եւ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսություններում ճգնաժամի պատճառ է դարձել:
Ալ Մազրուին մտահոգություն է հայտնել, որ աշխարհաքաղաքականության եւ էներգետիկ անվտանգության վրա գլոբալ ուշադրությունը ստիպում է կառավարություններին անտեսել հասանելիության նվազման երկարատեւ հետեւանքները: Նա ասել է, որ ՕՊԵԿ+-ի առաջնորդները փորձել են պահպանել կարգը եւ ռեսուրսները շուկա հասցնել կառավարելի տեմպերով, սակայն ենթադրել է, որ դա ավելի ու ավելի է դժվարանում: «Դրա համար մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ՝ ֆինանսական ռեսուրսներ, մենք պետք է ներդրումներ կատարենք, եւ մենք պետք է անջատենք քաղաքականությունը էներգիայի հասանելիությունից ու մատչելիությունից»,- ասել է Ալ Մազրուին: «Ես մտահոգված եմ՝ քանի որ մենք խառնում ենք այս երկու գործոնները, կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ էներգիայի հասանելիությունը խնդիր դառնա, ինչը միանշանակ կբերի աղքատության եւ համաշխարհային տնտեսության լճացման։ Մենք փորձում ենք, բայց չի կարելի ամեն ինչում մեզ մեղադրել՝ մենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անում ենք»: