Տղամարդը փախել է ընտանիքից և 14 տարի ապրել օդանավակայանում
Չինաստանի բնակիչը, փախչելով ընտանիքից, 14 տարի ապրել է Պեկինի օդանավակայանում՝ փորձելով այնտեղ ազատություն գտնել, տեղեկացրել է LADbible-ը։
60-ամյա Վեյ Ցզյանգոն 2008թ. բնակություն է հաստատել Պեկինի օդանավակայանի երկրորդ տերմինալում։ Նա պատմել է, որ հոգնել էր տնեցիների պահանջներից, որոնք իրեն արգելում էին ծխել եւ խմել որքան ուզում է։ «Ես չեմ կարող տուն վերադառնալ, որովհետեւ այնտեղ ես ոչ մի ազատություն չունեմ»,- ասել է նա։
Ըստ Ցզյանգոյի՝ ընտանիքի անդամները թույլ կտային, որ նա մնար տանը, եթե հրաժարվեր վնասակար սովորություններից։ Հակառակ դեպքում նա պետք է նրանց տար հազար յուան թոշակը։ «Բայց այդ դեպքում ինչո՞վ էի ծխախոտ եւ խմելու բան գնելու»,- տարակուսել է Վեյ Ցզյանգոն։
Օդանավակայանի ոստիկանությունը բազմիցս նրան տուն է ուղարկել, բայց նա ամեն անգամ վերադարձել է։ «Ինձ վտարում են տնից, ես «ընդհատակ եմ անցնում», հետո նորից հայտնվում եմ այստեղ։ Համենայն դեպս, օդանավակայանում ես ազատություն ունեմ»,- ասել է չինացին։