Հնարավոր չէ ռուսական գազի պայմանագրերը ռուբլով վճարել. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին ասել է, որ հնարավոր չէ ռուսական գազի պայմանագրերը ռուբլով վճարել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Մակրոնը բարձրացրել են գազի մատակարարումների համար ռուբլով վճարելուն անցնելու հարցը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր, որ մինչև մարտի 31-ը ոչ բարեկամ երկրները գազի մատակարարման համար վճարումները փոխանցել ռուբլով։ Միաժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերում ամրագրված ծավալներով և գներով։
Գազի գնորդները տարբեր դիրքորոշումներ են հայտնել վճարումների արժույթի փոփոխության վերաբերյալ։ Այսպես, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ G7 երկրները հրաժարվում են կատարել ռուսական իշխանությունների պահանջը։ Նույն տեսակետը հետագայում արտահայտվել է Եվրահանձնաժողովում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։