«Բոլոր լծակներն անխնա օգտագործեցին. ես չեմ պարտվել Գարիկ Սարգսյանին». Սպարտակ Թարթիկյանը՝ Վեդիում ՔՊ-ի հաղթանակի մասին
Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած մարտի 27-ի ընտրություններին իշխանությունը բոլոր լծակներն անխնա օգտագործեց։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասլ է «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Թարթիկյանը։
Նշենք, որ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում էին երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Ընտրության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորում էր «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։
«Ես չեմ պարտվել Գարիկ Սարգսյանին, ես պարտվել եմ պետական համակարգի իշխանության բոլոր լծակներին, ֆինանսական ահռելի միջոցներին։ Երկրորդ ընտրությունները գնահատում եմ այսպես՝ բոլոր լծակներն անխնա օգտագործեցին։ Ամբողջ պետական համակարգը Պաշտպանության նախարարով, պատգամավորներով աշխատում էին ընդամենը մի փոքր համայնքի՝ Սիսավանի նախկին ղեկավարի դեմ։ Ափսոս, որ Սուրեն Պապիկյանն իմ երկրի Պաշտպանության նախարարն է, հակառակ պարագայում ամեն ձեւի կնկարագրեի։ Այն ժամանակ պետական լծակները 50 տոկոսով էին աշխատում, բայց հիմա ահռելի ֆինանսական միջոցներ դրվեցին։ Մեր անվտանգության հարցերը թողած բոլորը լծվել էին Վեդիի ընտրություններին »,- ասաց Թարթիկյանը։
Սպարտակ Թարթիկյանը նշեց, որ իր պայքարը շարունակելու է. «Ես միանշանակ պայքարելու եմ հանուն իմ արժանապատվության, պայքարելու եմ իմ համայնքների շենացման գործի համար»։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ինքը համագործակցի Գարիկ Սարգսյանի հետ, Թարթիկյանը պատասխանեց. «Ամոթանք եք տալիս»։
Հիշեցնենք, որ Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին նույնպես անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ․ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ. «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։ Ընտրություններին մասնակցած որեւէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել եւ հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։
Նոր ընտրություններին, սակայն, «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց չմասնակցել։