«Բարսելոնայի» նախագահ․ Մեսին լավագույնն է աշխարհում, բայց մենք կառուցում ենք երիտասարդ թիմ
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձը չի քննարկվում, այդպիսի մտադրություն ակումբը չունի։
Մի քանի օր առաջ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին նշել էր, որ ակումբի դռները միշտ բաց են Մեսիի համար, որի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
«Ես ոչ մի հաղորդագրություն չեմ ստացել Մեսիից կամ նրա մերձավորներից այդ հարցով։ Հիմա մենք չենք դիտարկում նրա վերադարձը։ Մենք կառուցում ենք երիտասարդ թիմ, որը սկսում է արդյունքի հասնել։
Մեսին լավագույնն է աշխարհում, բայց մենք նրան վերադարձնելու մտադրություն չունենք, թեեւ դա հետքայլ չէր լինի։
Մենք ցանկանում ենք նվաճել չեմպիոնի տիտղոսը, երկրորդը լինելու ցանկություն չունենք։ Ես վստահ եմ, որ մեր թիմը կարող է այս մրցաշրջանում դառնալ չեմպիոն։ Վերջին փուլին հասել ենք լավ մարզավիճակում։
Չավին հասունացել է, նա լավատես է, ընտանիքի անդամ է։ Նա կմնա պաշտոնում այնքան, ինչքան ցանկանա։ Կարծում եմ՝ նա երկար տարիներ կլինի թիմում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է RAC1-ը։
Իսպանիայի առաջնության 28 խաղից հետո «Բարսելոնան» 54 միավորով երրորդն է։ Առաջատար «Ռեալն» (29 խաղ) ունի 66 միավոր, երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիան» (29 խաղ) 57 միավոր։