Պուտինը հայտարարել է, որ փորձի փոխանակումն ԱՊՀ երկրների օրենսդիրների միջեւ նպաստում է ինտեգրմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ փորձի փոխանակումն ԱՊՀ երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջեւ նպաստում է ինտեգրացիոն գործընթացների խթանմանը։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի ողջույնի մեջ, որն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին ընթերցել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Վեհաժողովը կարեւոր տեղ է զբաղեցնում Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների համակարգում, բազմակողմ փոխգործակցության արդյունավետ եւ մեծ պահանջարկ ունեցող կառույց է հանդիսանում։ Մեր երկրների օրենսդիրների միջեւ փորձի փոխանակումը նպաստում է ազգային մակարդակով իրավական կարգավորման արդյունավետության բարձրացմանը եւ ինտեգրացիոն գործընթացների խթանման համար պայմանների ստեղծմանը»,- ասված է երեքշաբթի Մատվիենկոյի կողմից ընթերցված ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
Պուտինի խոսքով՝ վերջին տարիներին ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում շատ բան է արվել տնտեսական, սոցիալական եւ հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ կորոնավիրուսային համավարակի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ։ «Կարեւոր է, որ Վեհաժողովը շարունակի նշանակալի ներդրում ունենալ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործության եւ միջազգային անվտանգությանն ուղղված այլ սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարում հավաքական ջանքերի մոբիլիզացման գործում: Վեհաժողովի ներկայացուցիչների սիստեմատիկ մասնակցությունն ԱՊՀ տարածքում ընտրությունների դիտարկմանը նպաստում է արդար ներկայացուցչության, ժողովրդավարական եւ ազատ կամարտահայտման սկզբունքների լիարժեք իրականացմանը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։