«Ես սխալ էի»․ Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկարի» հաղորդավարից, որին հարվածել էր
Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում իր պահվածի համար․ դերասանը հարվածել էր միջոցառման վարողին՝ կատակերգու Քրիս Ռոքին, որին անտեղի կատակել էր Սմիթի կնոջ մասին։
«Բռնությունը ցանկացած դրսեւորմամբ թունավոր է ու կործանարար։ Երեկ գիշեր իմ պահվածքն արարողության ընթացքում անընդունելի է եւ աններելի»,- ասված է Սմիթի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա ինստագրամյան էջում։
Նա նշել է, որ դերասանի աշխատանքի մի մասն է կատակներ լսել իր հասցեին, սակայն իրն կնոջ առողջական վիճակի մասին արտահայտությունը հուզական արձագանքի պատճառ է դարձել, որն ինքը չի կարողացել զսպել։
«Ես ցանկանում եմ հրապարակային ներողություն խնդրել քեզնից, Քրիս։ Ես դուրս եկա սահմաններից, ես ճիշտ չէի։ Ես ամաչում եմ, եւ իմ գործողությունները չեն արտացոլում մարդուն, ինչպիսին են ցանկանում եմ լինել։ Սիրո ու բարության աշխարհում բռնությունը տեղ չունի»,- գրել է Սմիթը։ Նա ներողություն է խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից եւ բոլոր ներկաներից, ինչպես նաեւ հանդիսատեսից ամբողջ աշխարհում։ Սմիթը հրապարակումը եզրափակել է՝ ներողություն խնդրելով Ուիլյամս ընտանիքից եւ թիմից, որն աշխատել է «Ռիչարդ արքա» ժապավենի վրա․ ֆիլմը նրան «Օսկար» է բերել «Լավագույն դերասան» անվանակարգում։
Ուիլ Սմիթն ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում պաշտպանել էր կնոջը։ Միջադեպը տեղի էր ունեցել, երբ հաղորդավար Քրիս Ռոքը կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջեյդայի աանրվածքի մասին։ Ավելի վաղ Փինքեթ-Սմիթը խոսել է մազաթափության խնդրի մասին եւ արարողությանը ներկայացել՝ գլուխը սափրած։ Այդ արտահայտություններից հետո Ուիլ Սմիթը բեմ է բարձրացել եւ հարվածել գործընկերոջ դեմքին։