Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ կառավարություններին «ոսկե անձնագրեր» չտրամադրել ռուսներին եւ բելառուսներին
Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ կառավարություններին չեղարկել ներդրողներին քաղաքացիություն վաճառելու ազգային ծրագրերը, որոնք հայտնի են նաեւ որպես ոսկե անձնագրերի սխեմաներ, եւ կոչ է արել նրանց դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին եւ բելառուսներին, հայտնում է Reuters-ը։
«Ռուսաստանի կամ Բելառուսի որոշ քաղաքացիներ, ովքեր գտնվում են պատժամիջոցների տակ կամ աջակցում են Ուկրաինայի պատերազմին, կարող էին ԵՄ քաղաքացիություն կամ դեպի ԵՄ արտոնյալ մուտքի իրավունք ստանալ, այդ թվում՝ Շենգենյան գոտում սխեմաների շրջանակներում ազատ տեղաշարժվելու համար», - ասել է Եվրահանձնաժողովը:
Հանձնաժողովը կոչ է արել անհապաղ դադարեցնել անձնագրերի վաճառքի ազգային ծրագրերը: Այժմ այդպիսի սխեմաներ ունեն միայն Մալթան, Կիպրոսը եւ Բուլղարիան, որոնք բոլորն էլ պարտավորվել են վերջ դնել դրանց։ Կիպրոսի խորհրդարանը քվեարկել է իր ծրագրի ավարտի օգտին:
Բրյուսելը նաեւ հայտարարել է, որ կառավարությունները պետք է ստուգեն՝ արդյոք պատժամիջոցների ենթարկված անձինք ոսկե անձնագիր կամ վիզա ունեն։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ չգիտի՝ պատժամիջոցների ենթարկված անձինք ծրագրի շահառուների թվում են, թե ոչ: Հանձնաժողովը հայտարարել է, որ երկրները պետք է որոշեն՝ չեղարկել այդ անձնագրերը եւ անհապաղ հետ կանչել բնակության թույլտվությունը, թե ոչ:
Հանձնաժողովը ոսկե վիզաների ծրագրերը դադարեցնելու կոչեր չի հնչեցրել, սակայն կոչ է արել խիստ վերահսկողություն իրականացնել եւ խնդրել է ԵՄ կառավարություններին այլեւս բնակության թույլտվություններ չտրամադրել ռուսներին եւ բելառուսներին: