Ամերիկյան կինոակադեմիան կքննի Ուիլ Սմիթի մասնակցությամբ միջադեպն «Օսկարի» ընթացքում
Ամերիկյան կինոակադեմիան կքննի «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում Ուիլ Սմիթի հարձակումը Քրիս Ռոքի վրա՝ պարզելու համար անհրաժեշտ գործողություններ ձեռք առնելու կարիքը։ Այս մասին նշվում է կինոակադեմիայի տարածած հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ակադեմիան դատապարտում է պարոն Սմիթի գործողությունները։ Մենք պաշտոնապես հետաքննություն ենք սկսել միջադեպի հետ կապված եւ կուսումնասիրենք հետագա գործողություններն ու տեղի ունեցածի հետեւանքները՝ մեր կանոնների ու ստանդարտների համաձայն»,- ասված է հայտարարության մեջ։
«Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում Սմիթը հարվածել էր Ռոքի դեմքին, երբ վերջինս անհաջող կատակել էր նրա կնոջ հիվանդության մասին։ Ավելի ուշ Սմիթը ներողություն էր խնդրել ակադեմիայից եւ մրցանակաբաշխության մասնակիցներից։ The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Ռոքն առայժմ մտադիր չէ Սմիթի դեմ մեղադրանք առաջադրել։