Պերուում դամբարանի պեղումների ժամանակ 1000-ամյա վիրաբուժական գործիքներ են հայտնաբերվել
Պերուի հյուսիսում հնագիտական պեղումների ժամանակ հնագետները Միջին Սիկանի շրջանի (900-1050 մ.թ.) դամբարանում վիրաբուժական գործիքների հավաքածու են հայտնաբերել: Դա թույլ է տվել գիտնականներին ենթադրել, որ դամբարանում հանգչում է հնագույն ժամանակների վիրաբույժի աճյունը: Գտածոն իր տեսակի մեջ առաջինն էր հյուսիսային Պերուում, հաղորդում է Planet-today-ը՝ վկայակոչելով The History Blog-ը:
Նեկրոպոլիսն այս տարածքում հնագետները հայտնաբերել էին դեռեւս 2010-2011 թթ. Հուշարձանը ջրհեղեղից փրկելու համար հնագետները կոնսերվացրել էին այն եւ հանել հողի միջից։ Գտածոն տեղափոխվել էր թանգարան՝ հետագա ուսումնասիրության համար։ Միայն տասը տարի անց՝ 2021 թվականին, National Geographic Donation Fund-ի դրամաշնորհի միջոցներով մասնագետները կարողացան սկսել հետազոտությունները։
Դամբարանի մեջ, որտեղ վիրաբուժական գործիքներ էին հայտնաբերվել, գիտնականները նաեւ այլ իրեր էին գտել: Սակայն վիրաբուժական գործիքների հավաքածում գրավել էր հնագետների հատուկ ուշադրությունը: Այն ավելի քան 50 իր է պարունակում, այդ թվում՝ զանազան ասեղներ եւ դանակներ։ Իրերի մեծ մասը պատրաստված է բրոնզից՝ մկնդեղի հավելանյութերով։ Որոշ իրեր փայտե բռնակները դեռ պահպանվել են: Գործիքների մոտ նաեւ մեծահասակի եւ երեխայի դիմային ոսկորներ են հայտաբերվել: Հենց ոսկորների մնացորդներն էլ ապացույց են հանդիսացել առ այն, որ գործիքները նախատեսված էին հատուկ վիրաբուժական վիրահատությունների համար: