Վերլուծել ենք մրցակցի խաղը, սպասում ենք բարդ հանդիպում. Կապառոս
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում խոսել է սպասելիքներից Նորվեգիայի հավաքականի հետ առաջիկա ընկերական խաղում։
«Վերլուծել ենք Նորվեգիայի խաղը եւ մեր վերջին խաղը Չեռնոգորիայի հավաքականի հետ: Սպասում ենք բարդ հանդիպում, քանի որ Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ եւ տաղանդավոր ֆուտբոլիստներ են խաղում: Նրանց ֆեդերացիան շատ լավ է աշխատում։ Կարծում եմ՝ շուտով Նորվեգիայի թիմը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա:
Այս ընկերական հանդիպումների նպատակը առաջիկա մրցակիցներին պատրաստվելն է։ Մեզ բաժին են հասել դժվար մրցակիցներ Ազգերի լիգայում:
Մենք հստակ պատկերացնում ենք մեր մեկնարկային կազմը, բայց կարող են լինել փոփոխություններ, քանի որ ցանկանում ենք բոլորին տեսնել այսպիսի բարդ հանդիպումներում։
Հունիսին ունենք 4 հանդիպում, եւ բոլորը պետք է այսպիսի փորձ ունենան, քանի որ ցանկանում ենք լավ խաղալ»,- նշել է Կապառոսը:
Նորվեգիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։