Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող գյումրեցի տղամարդիկ
ՏեսանյութերՈստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Մարտի 26-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի տներից մեկում հայտնաբերեցին ու Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկվեցին 24 և 29 տարեկան երկու գյումրեցի։ Նրանք մարտի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին շտապօգնության խումբը «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխել 34-ամյա Վահագն Հարությունյանին։
Մարտի 2-ին Շիրակի մարզի քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի քրեական հետախույզների և տարածքային քննչական մարմնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել էր, որ սպանության ենթադրյալ կատարողները գյումրեցի 24 և 29 տարեկան տղամարդիկ են, որոնց նկատմամբ մարտի 3-ին հայտարարվեց հետախուզում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։