Կրծքավանդակում այրոցի զգացողությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին․ մասնագետ
Կրծքավանդակում այրոցի զգացողությունը կարող է պայմանավորված լինել ինչպես կերակրափողի բորբոքումներով, այնպես էլ սրտամկանի հիվանդություններով, այդ թվում՝ բավական վտանգավոր։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում ասել է թերապևտ Իրինա Յարցևան։
«Կրծքավանդակում այրոցի զգացումը կարող է վկայել մի քանի խնդրի մասին, որոնց թվում են ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտն ու էզոֆագիտը՝ կերակրափողի բորբոքումը», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ տարեցների մոտ նման զգացողություններով կարող է դրսևորվել ստենոկարդիան, մինչդեռ սրտամկանի քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ նման ախտանշանը նախազգուշացնում է սրտամկանի ինֆարկտի զարգացման մասին։
Ընդհանուր առմամբ, ինչպես ընդգծել է Յարցևան, այրոցի զգացման առաջացման դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել՝ կան արդյոք այլ ախտանշաններ, թե ոչ։ Նման զգացողությունը կարող է պայմանավորված լինել կերակրափողի բորբոքմամբ, ինչն էլ սովորաբար նկատվում է գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդությունով մարդկանց մոտ։ Այս բորբոքումը սերտորեն կապված է ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելու հետ։
Բացի այդ, նման ախտանշանի հավանական պատճառների շարքին կարող են դասվել նաև բրոնխաբորբը և նյարդաբանական որոշակի խնդիրները։ Մասնագետի խոսքով՝ առավել հաճախ այն նկատվում է միջկողային նևրալգիայով հիվանդների մոտ։
Ինչպես նշել է Յարցևան, կրծքավանդակում այրոցի զգացումը կարող է վկայել բավական լուրջ առողջական խնդիրների մասին, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Այնուամենայնիվ ինքնաբուժությունը ևս կարող է վտանգավոր լինել, քանի որ խնդրի հստակ պատճառը հնարավոր կլինի իմանալ միայն բուժզննումից հետո, որն էլ կորոշի բուժման հետագա ընթացքը։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru։