Ռուսաստանն ամենեւին էլ ամենակարող չէ․ Էդգար Էլբակյան
Ռուսաստանն ամենեւին էլ ամենակարող չէ, ինչպես շատերը համարում եւ ենթադրում էին: Այս մասին արդեն գիտեն ոչ միայն Հայաստանի թշնամիները, մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունների մասին, ըստ քաղաքագետի, այժմ գիտեն նաեւ նրա պոտենցիալ հակառակորդները: Սա հասկանալով՝ Ռուսաստանը եւս սկսել է զգուշավորություն դրսեւորել՝ կշռադատելով բոլոր դրական եւ բացասական կողմերը։ «Այժմ խաղը վարում են Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Մեր մասին պետք է մոռանալ, քանի որ գործող իշխանության գործողությունների ու քայլերի շնորհիվ Հայաստանը, փաստորեն, զրկվեց իր սուբյեկտիվությունից։ Ամեն ինչ սկսվեց դեռ 2018թ. Այն ժամանակ սկսված գործընթացներն ուղղված էին Հայաստանը սուբյեկտիվությունից զրկելուն։ Հիմա մենք ավելի շատ կամազուրկ երեխայի ենք նման»,- ասաց փորձագետը։
Ինչպես նշեց Էլբակյանը, Ռուսաստանի տեսանկյունից Ղարաբաղում ադրբեջանցիների գրաված բարձունքները չնչին են եւ որեւէ արժեք չեն ներկայացնում։
Այնուամենայնիվ, քաղաքագետը չբացառեց Մոսկվայի եւ Բաքվի հնարավոր առճակատումը։ Սակայն նա շտապեց նկատել, որ այդ օրը դեռ շատ եւ շատ հեռու է։