Ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ մարտի 29-ին Թուրքիայում․ Պեսկով
Ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ մարտի 29-ին՝ Թուրքիայում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով՝ այսօր պատվիրակությունները մեկնում են Թուրքիա։ «Մենք ակնկալում ենք, որ դա տեսականորեն կարող է վաղը տեղի ունենալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
«Առայժմ մենք չենք կարող եւ չենք խոսի առաջընթացի մասին։ Հենց այն փաստը, որ որոշվել է շարունակել բանակցությունները դեմ առ դեմ ձեւաչափով, իհարկե, կարեւոր է։ Բայց առայժմ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ բանակցությունների հետ կապված մանրամասներ չհրապարակելու քաղաքականությանը։ Մենք կարծում ենք, որ դա կարող է միայն վնասել բանակցային գործընթացին»,- հավելել է նա։
Պեսկովի խոսքով՝ «դեմ առ դեմ ձեւաչափը հնարավորություն է տալիս բանակցություններն ավելի կենտրոնացված, բովանդակային առումով ավելի հագեցած վարել»։ «Բայց մինչ այժմ, ցավոք, մենք չենք կարող էական ձեռքբերումներ եւ առաջընթաց արձանագրել»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Ստամբուլի բանակցություններից հետո Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպում սպասել պետք չէ։