ՄԱԿ ԱԽ-ը թալիբներին հորդորել է թույլ տալ, որ աֆղանստանցի աղջիկները դպրոց հաճախեն
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը խորապես անհանգստացած է թալիբների այն որոշմամբ, որով աղջիկները միջնակարգ կրթության հաստատություններ հաճախել չեն կարող, եւ կոչ է արել նրանց անհապաղ նորից բացել դպրոցներն աղջիկների համար։
«Անվտանգության խորհրդի անդամները... հաստատել են բոլոր աֆղանստանցիների, ներառյալ աղջիկների կրթության իրավունքը,»,- նշված է ՄԱԿ-ի հայտարարությունում։
Անցած շաբաթ թալիբները հայտարարել էին, որ չեն բացելու միջնակարգ դպրոցներն աղջիկների համար՝ ասելով, որ դրանք փակ են մնալու այնքան ժամանակ, մինչեւ որ կազմվի դրանք բացելու պլանը՝ իսլամական օրենքին համապատասխան։
Միացյալ Նահանգները այդ որոշման պատճառով չեղարկել է Դոհայում թալիբների հետ հանդիպումները, որոնք պետք է լուծեին կարեւոր տնտեսական հարցեր, ասել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք։
Անվտանգության խորհուրդը խնդրել է Աֆղանստանի գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դեբորա Լայոնսին կապ հաստատել աֆղանստանյան համապատասխան իշխանությունների եւ հարցով շահագրգիռ կողմերի հետ եւ զեկուցել ձեռք բերված առաջընթացի մասին։