Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է, որ ական է հայտնաբերել Սեւ ծովում, Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ական է հայտնաբերվել Սեւ ծովում, Բուլղարիայի սահմանից ոչ հեռու, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«2022թ. մարտի 28-ին Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու, Իգնեադայի ափի մոտ, հայտնաբերվել է ական, այնտեղ է ուղեւորվել ստորջրյա պաշտպանության թիմը։ Ականը վերցվել է վերահսկողության տակ, սկսվել է այն չեզոքացնելու գործողությունը»,- նշվել է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Մարտի 26-ին Dogan գործակալությունը տեղեկացրել էր, որ ձկնորսները արտաքնապես ական հիշեցնող օբյեկտ են հայտնաբերել Բոսֆորի նեղուցում։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ այն ական է, որը հաջող չեզոքացվել է։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ նա թեման քննարկել է ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Աքարը նաեւ նշել է, որ միջադեպից հետո շրջանում սկսել են հերթապահել Թուրքիայի ՌԾՈւ ականազերծիչ նավերը։
Մարտի 19-ին ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնը (ՀԿԿ) տեղեկացրել էր, որ Ուկրաինայի ՌԾՈւ-ի՝ Սեւ ծովի նավահանգիստների մուտքերի մոտ տեղադրած ականները կարող են շարժվել դեպի Բոսֆոր՝ ճոպանների կտրվելու պատճառով։ ԱԴԾ ՀԿԿ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի Զինված ուժերը «հերթական անգամ ցուցադրում են, որ լիովին անտեսում են միջազգային իրավունքը եւ արհամարհում մարդկանց, այդ թվում՝ Եվրոպական միության պետությունների քաղաքացիների կյանքը»։