Իսպանիայում կորոնավիրուսը համարվելու է սովորական էնդեմիկ հիվանդություն
Իսպանիայում մարտի 28-ից կորոնավիրուսը գործնականում հավասարեցվում է սովորական էնդեմիկ հիվանդությանը, ինչպես գրիպը, տեղեկացրել է DW-ն։
Նա, ով վարակվել է Sars-CoV-2 վիրուսով եւ հիվանդության ախտանշաններ չի ունեցել, եւ եթե ունեցել է, բայց թեթեւ ձեւով, կարող է շարունակել սովորական կենսակերպը, եւ տանը մեկուսացման ռեժիմին հետեւելը նրա համար պարտադիր չի լինի։
Միայն ռիսկի խմբում գտնվողների համար կշարունակեն գործել նախկին պահանջները։ Այդպիսին են համարվում 60-ն անց քաղաքացիները, թույլ իմունիտետ ունեցողները, ինչպես նաեւ հղի կանայք եւ բուժաշխատողները։ Երբեմնի պարտադիր միջոցներից միակը, որը մնացել է, դիմակների պարտադիր կրումն է փակ տարածքներում, ինչպես նաեւ հանրային տրանսպորտում՝ ավտոբուսներում, գնացքներում, ինքնաթիռներում։
Իսպանիայում, որը խիստ տուժել էր կորոնավիրուսի համավարակի սկզբում, համաճարակաբանական իրավիճակը վերջին ժամանակներս զգալիորեն բարելավվել է։ Անցած ուրբաթ Sars-CoV-2-ի տարածման յոթնօրյա ցուցանիշը երկրում միջինը 227 նոր դեպք էր՝ 100 000 բնակչի հաշվով։ Իսպանիայում հիվանդանոցային մահճակալների միայն 3,6 տոկոսն է, որ զբաղեցված է կորոնավիրուս ունեցող պացիենտներով։ Բնակչության մոտ 85 տոկոսը ստացել է բազային պատվաստումը։